Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Քրիստոնյա Սլավան պայծառատես էր, շատ արագ կարողանում էր իր մարմնից բաժանվել և տեսնել այն բաները, որոնք մենք չենք տեսնում»

«Քրիստոնյա Սլավան պայծառատես էր, շատ արագ  կարողանում էր իր մարմնից բաժանվել և տեսնել այն բաները, որոնք մենք չենք տեսնում»
09.01.2018 | 08:12

Ստորև ներկայացնում ենք կենսաֆիզիկոս, հասարակական գործիչ, մինչև առողջական խնդրի առաջացումը Երևանի Սուրբ Գևորգ եկեղեցում դպիրի ծառայություն կատարած ԽԱՉԻԿ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆԻ հետ մեր հարցազրույցի երկրորդ մասը:
Խաչիկ Ստամբոլցյանը, ժամանակին աշխատելով Հայաստանի գիտությունների ակադեմիայի փորձարարական կենսաբանության ինստիտուտում (ներկայիս մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտ) որպես գիտաշխատող, 1968-1969 թվականից համատեղ աշխատանքներ է կատարել Մոսկվայի, Պուշչինո ակադեմիական քաղաքի համապատասխան գիտական հաստատությունների հետ, տարեկան 4-5 անգամ գործուղվել այնտեղ, բավականին կապեր հաստատել տարբեր մարդկանց հետ: Բացի գիտականից, նրան հետաքրքրել է նաև հոգևոր աշխարհը: Այն ժամանակ նա դեռ քրիստոնյա չի եղել, հավատքի մեջ քայլել է յոգայի ճանապարհով, որը Ռուսաստանում շատ տարածված էր:

-Այցելելով Սպիրկինի լաբորատորիա, ի՞նչ տեսաք այնտեղ:
-Ֆուրմանովի նրբանցք, 104 հասցեում Սպիրկինի լաբորատորիան էր, Սպիրկինին արդեն հեռացրել էին, որ իդեալիստական գաղափարներ չտարածի, լաբորատորիան զբաղվի միայն խնդրի ֆիզիկական կողմով: Այնտեղ արդեն մի քանի ուրիշ ակադեմիկոսներ էին բերել, այս պահին հիշում եմ միայն մեկի ազգանունը` Կատելնիկով: Երբ ես նրանց հետ հանդիպեցի, պարզվեց, որ այդ լաբորատորիայում երեք ուղղություն կա` քրիստոնյաների (Վիկտոր Մեշալկինն էր գլխավորը), Սերգեյ Միտրոֆանովինը (կրիշնայականներն էին) և ազգությամբ բուրյաթ մեկինը, որի անունը չեմ հիշում, նա շամանական ուղղությունն էր ներկայացնում ու զբաղվում էր պուլսոթերապիայով, ձեռքը դնում էր մարդու զարկերակի վրա և ասում, որ նրա այսինչ տեղը հիվանդ է, այնինչ տեղը հիվանդ է, այսինչ թվականին այդ մարդու հետ այսինչ դեպքն է տեղի ունեցել: Բոլոր երեք ուղղություններն էլ կրոնական ծագում ունեին, բայց ամբողջն այնպես էին սարքել, որ այդ ամենը դառնա կենսաֆիզիկա, ֆիզիկական երևույթի ուսումնասիրություն:
-Խորհրդային Միությունում ինչպե՞ս էին թույլ տվել, որ կենսաէներգետիկայի, կենսադաշտերի, հեռազգացության հետ կապված այդպիսի լաբորատորիա բացվի:
-Սպիրկինի լաբորատորիան հենց այնպես չէր բացվել, Բրեժնևը շատ էր վատացել, մի ժամանակ նույնիսկ գրեթե չէր կարողանում խոսել: Հնդկաստանի առաջնորդը` Ինդիրա Գանդին, մի քանի էքստրասենս յոգերի ուղարկեց, Բրեժնևի վիճակը շտկեցին: Այդ ժամանակ, չգիտեմ ինչ ճանապարհով, ինչպես, պայմանավորվածություն էր ձեռք բերվել, նկատի ունենալով, որ Ռուսաստանում կային այդ երևույթներով զբաղվողներ, Բրեժնևը թույլատրել էր բացել լաբորատորիա, որտեղ պետք է ուսումնասիրեին այդ երևույթները: Սպիրկինին էլ, որպես մատերիալիստ-փիլիսոփայի, մտցրել էին այնտեղ, որպեսզի խնդրի կրոնական կողմը ծածկվի:
Ամեն հինգշաբթի, թե ուրբաթ այդ լաբորատորիայում նիստ կամ հավաքույթ էր կազմակերպվում, որին մասնակցում էին նաև «Աստղային քաղաքից» տիեզերագնացներ, կոնստրուկտորներ: Քանի որ Մոսկվայում էի, Վիկտոր Իվանովիչն ինձ թույլ տվեց մասնակցել այդ նիստերին, սկսեցի շփվել նրանց հետ: Իմանալով, որ գիտության ոլորտի մարդ եմ, կրիշնայականները փորձեցին իրենց կողմը քաշել, քրիստոնյա Վիկտորն ասում էր` Խաչիկ, ուզում ես գնա, բայց վտանգավոր է, գործ չունես, քրիստոնեությունից դուրս ոչ մի ճշմարիտ ճանապարհ չկա, բայց ես այդ ոլորտում դեռ նոր էի, ինձ հետաքրքիր էին բոլորը:
Մի օր Սերգեյ Միտրոֆանովն ինձ հրավիրեց ճաշկերույթի, դրանից հետո ռուսերեն հրատարակված մի գիրք դրեց սեղանին` պրոֆեսոր Լիի գրքերից մեկը`խհԺ: Այն ժամանակ չէի էլ հասկանում՝ ինչ բան է դա, հետո պարզվեց, որ խհԺ-ն սինթետիկ թմրամիջոց է, ծանր թմրամիջոցներից մեկը: Փորձեցին ինձ համոզել, որ փորձեմ դա որպես միջոց աստվածահայտնության, աստվածագիտության: Այսինքն` մարդը դրանով ընկնում է հալյուցինացիոն վիճակի մեջ, նրան թվում է, թե ինքը եսիմ ինչ է… Ես այդ գիրքը հետ տվեցի նրան, հրաժարվեցի դրանից:
-Ինչպե՞ս համոզվեցիք, որ քրիստոնեությունից դուրս ոչ մի ճշմարիտ ճանապարհ չկա:
-Մի հետաքրքիր դեպք տեղի ունեցավ; Չնայած այդ լաբորատորիայի դռան վրա գրված էր, որ հիվանդներ չեն ընդունվում, բայց կենտկոմից իրենց բարեկամ, մտերիմ հիվանդներին բուժման համար նամակով ուղարկում էին: Կենտկոմից շատ բարձր դիրք ունեցող ինչ-որ մի պաշտոնյա ուղարկել էր մի կնոջ, որը տառապում էր հետապնդման վախի մոլագարությամբ: Սկզբում բերել էին Սերգեյ Միտրոֆանովի մոտ, սա բժշկել էր, 6 ամիս նորմալ էր եղել այդ կնոջ վիճակը, հետո նորից էր վատացել, հետ էր եկել, Միտրոֆանովը նորից էր բժշկել, բայց նորմալ վիճակն այս անգամ արդեն տևել էր ընդամենը մեկ ամիս: Վերջում առաջացել էր մի այնպիսի վիճակ, որ երբ Սերգեյը կանգնում էր կողքը, ինքը նորմալ մարդ էր, Սերգեյը մտնում էր կողքի սենյակ, ինքն արդեն գոռում էր` հասեք, ինձ ուր որ է բռնելու են: Հասել էր այդ վիճակին, առանց Սերգեյի ներկայության, ինքն արդեն լրիվ հոգեկան հիվանդ էր, բուժման այլ միջոց չէր գտնվում:
Քրիստոնյաների խումբը, կրիշնայականների խումբը և շամանների խումբն իրար հետ չունեին, ոչ մեկը ոչ մեկի հետ լավ չէր, խմբերից յուրաքանչյուրն իրեն էր համարում ամենակարևորը կամ ճիշտ ճանապարհի վրա գտնվողը: Միտրոֆանովն էլ ինձ ասում էր` դու Վիկտորի հետ գործ չունես, հարցրի` ինչու՞, ասաց` չե՞ս մտածել՝ ինչու է նրա ազգանունը Մեշալկին, այսինքն, ազգանունը վատ իմաստ ունի` խառնակիչ: Սակայն, երբ այդ կնոջը Միտրոֆանովը չկարողացավ բուժել, վիճակը շատ վատ էր, իսկ նրա հետևում կանգնած պաշտոնյան շատ բարձր դիրք ուներ, անհաջողության դեպքում նրա բարկությունից զգուշանալով, Միտրոֆանովը եկավ Վիկտորի մոտ, ասաց` Վիկտոր Իվանովիչ, եթե մենք այս հիվանդին չբուժենք, մեր վիճակը վատ կլինի, լաբորատորիան կփակվի, ինչ կլինի, խնդրում եմ, Սլավան թող գա մեզ մոտ, տեսնենք ինչն է պատճառն այդ հիվանդության:
-Սլավան ո՞վ է:
-Սլավան այն ժամանակ 18 տարեկան մի ռուս տղա էր, աչքերից իսկ՝ հրեշտակային կերպար, որը պայծառատեսի շնորհ ուներ, միացել էր Վիկտոր Իվանովիչի խմբին: Վիկտորը պայծառատես չէր, նրա շնորհն ուրիշ էր, կարողանում էր մարդկանց աղոթքով բուժել, երբ հիվանդը գալիս էր, ինքը նախ հարցնում էր` մկրտվա՞ծ ես, հավատու՞մ ես Աստծուն: Եթե դրական պատասխան էր ստանում, ասում էր` դե հիմա գնում, մեկ շաբաթ պահք ես պահում, եկեղեցի ես գնում, հետո մյուս շաբաթ կգաս: Երբ հետո հիվանդը գալիս էր, ինքը սաղմոսներով, աղոթքով բժշկություն էր անում: Օրինակ, մի դեպք գիտեմ, որ Մոլդովայի գյուղերից մի մարդ եկել էր Վիկտոր Իվանովիչի մոտ, աղքատ մարդ էր, Վիկտորը նրան ասաց` եթե հավատ ունես առ Աստված, վեր կաց, գնա քո տուն, այստեղ փողեր մի ծախսիր, ամեն օր ժամը 8-ին կես ժամ աղոթքով ծնկի իջնենք ես՝ այստեղ, Դուք` այնտեղ, ես Ձեզ համար կաղոթեմ, երեխան կբժշկվի: Այդ մարդը գնաց, մի երկու շաբաթ հետո նամակ ուղարկեց, որ իրենք շնորհակալ են, երեխան կատարյալ առողջ է: Վիկտոր Իվանովիչն ասաց, որ եթե դա կենսադաշտն է, ապա ինքն այդ գյուղի տեղն էլ չգիտե, ինչպե՞ս է այն ուղղում երեխայի վրա, ապա շարունակեց` հասկացեք, որ սա Աստծո գործն է, ես որ խնդրում եմ, Աստված իմ միջոցով, այդ մարդու աղոթքով բժշկություն է կատարում, ոչ թե իմ բիոդաշտն է, այլ աստվածային զորություն:


Լինելով պայծառատես, Սլավան, օրինակ, ասում էր, որ երբ պատարագը սկսվում է, և սարկավագը սկիհով նշխարը` շորով ծածկված, բերում է դեպի քահանան, սաղմոսից մի հատված արտասանում, ասում` հավիտենական դռներ, ձեր գլուխները վեր բարձրացրեք, Թագավոր փառացը պետք է երկինք բարձրանա, քահանան էլ իր խոսքն է ասում, այդ ժամանակ երկնքից հրեշտակների պարսեր են լցվում եկեղեցու ներսը, այդ պարսերը` հազարավոր հրեշտակներ, նշխարով սկիհի շուրջը պտտվելով, մինչև հաղորդության բաժանումը մնում են եկեղեցում: Ինքը` Սլավան, տեսնում էր նրանց: Նա պայծառատես էր, շատ արագ կարողանում էր իր մարմնից բաժանվել և տեսնել այն բաները, որոնք մենք չենք տեսնում: Դրա համար խնդրեցին, որ Սլավան գոնե մեկ րոպեով գա, այդ հիվանդին տեսնի, հասկանա ինչն է պատճառը, որ տվյալ մարդը հայտնվել է նման ծանր վիճակում, այդ դեպքում գուցե կարողանան օգնել:
Վիկտորը, որպես քրիստոնյա, Միտրոֆանովին մի քանի դաստիարակչական նախադասություն ասաց, ապա խոստացավ Սլավային ուղարկել: Սլավան գնաց, եկավ, Վիկտորը հարցրեց` դե ի՞նչ… Սլավան պատասխանեց, որ գնացել է, նայել, տեսել, որ այդ կինը մարդ է սպանել, վախից դարձել է հոգեկան հիվանդ, իրեն թվում է, թե ուր որ է իրեն բռնելու և տանելու են: Ասաց, որ երբ տեսել, իմացել է դա, մոտեցել է տվյալ կնոջը, ասել` դու մարդասպան ես, քեզ ո՞վ կարող է բժշկել, գնա քո մեղքերի հարցն Աստծո հետ լուծիր: Դրանից հետո այդ կինը, Սլավայի պատմելով, անմիջապես ծնկի է իջել, լացել, ասել` հա, սպանել եմ, բայց ես էությամբ հանցագործ չեմ, ինձ միլիցիայի ձեռքը մի տվեք: Սլավան էլ ասել էր` ես քեզ միլիցիայի ձեռքը տալու հետ գործ չունեմ, ուղղակի իմացիր, որ քո խնդիրն Աստծո հետ է, մարդ ես սպանել: ՈՒ թողել, դուրս եկել: Այստեղից հասկացանք, որ, իրոք, քրիստոնեությունից բարձր բան չկա:

Հարցազրույցը` Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 4878

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ